Ուրախ ենք տեղեկացնել, որ R2D Սյունիք ծրագիրը պաշտոնապես ստորագրել է պայմանագիր իր երրորդ և վերջին ռազմավարական գործընկերոջ հետ՝ ծրագրի մասնավոր հատվածի զարգացման բաղադրիչի շրջանակում։ Նոր գործընկերը Հայաստանի CARD ( Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն) հիմնադրամն է։
CARD հիմնադրամը, հիմնադրված 2005 թվականին, առաջատար հայաստանյան ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ գյուղատնտեսական բիզնեսների աջակցման, նորարարության և կարողությունների զարգացման միջոցով։ Գյուղատնտեսական արժեքային շղթաների, գյուղաբնակ ձեռնարկատիրության և սննդամթերքի վերամշակման ոլորտում բազմամյա փորձի շնորհիվ հիմնադրամը լավագույն դիրքում է Սյունիքի տեղական բիզնեսներին աջակցություն ցուցաբերելու համար։
Այս նոր գործընկերությունը միտված է աջակցել գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող բիզնեսներին և ստարտափներին, որոնք Սյունիքի տնտեսական զարգացման կարևոր և խոստումնալից ուղղություններից են։ Աջակցությունը կներառի մասնագիտական խորհրդատվություն, նպատակային վերապատրաստումներ, ցանցային կապեր, ինչպես նաև ներդրումային պատրաստվածության ծրագրեր՝ համապատասխանեցված տեղական ձեռնարկությունների կարիքներին։
Երեք ռազմավարական գործընկերներն արդեն ներգրավված են, և R2D Սյունիք ծրագրի բիզնեսի զարգացման բաղադրիչը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։
Պայմանագրի ստորագրումը ծրագրի իրագործման հերթական կարևոր փուլն էր։
R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայության և զարգացման ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: