Շինուհայրում նոր կառուցված ոռոգման համակարգը կնպաստի Տաթև համայնքի գյուղատնտեսության և դիմակայունության զարգացմանը

Տաթև համայնքի Շինուհայր և Հալիձոր բնակավայրերը սպասարկող նոր կառուցված ոռոգման համակարգի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում։

Բացման արարողությանը ներկա էին Ն.Գ. Վասիլիս Մարագոսը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան, պարոն Սամվել Լալայանը, Տաթև համայնքի ղեկավար, պարոն Էրվին Քյունցին, Ավստրիայի դեսպանության (Թբիլիսի) տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, իրականացման գործընկեր կազմակերպությունների և համայնքի ներկայացուցիչներ։

Ոռոգման նոր համակարգը կառուցվել է R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» բաղկացուցիչ մաս։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության, և իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) կողմից։

Շուրջ 98,000 եվրո (43.5 միլիոն դրամ) ընդհանուր բյուջեով կառուցվել է

  • գործող պոմպակայանից սնուցող գծին միացող փականային հանգույց,

  • ինչպես նաև շուրջ 1.1 կմ երկարությամբ բարձր ճնշման խողովակաշար, որը միացնում է Շինուհայրի գործող ներքին ոռոգման ցանցը և Հալիձորի բաշխիչ ջրամբարը։

Նոր ենթակառուցվածքը ապահովում է հուսալի և անխափան ոռոգման ջրամատակարարում Տաթև համայնքի շուրջ 3,378 բնակչի համար, ներառյալ փախստականներն ու այլ խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Համակարգը հնարավորություն է տալիս ոռոգել մոտ 55 հեկտար գյուղատնտեսական հողատարածք և 700 տնտեսություն։ Շինուհայրի ներքին ցանցի ավարտից հետո համակարգը կկարողանա ջրամատակարարել համայնքի բոլոր հողատարածքներին։

Ապահովելով կայուն ջրամատակարարում՝ ծրագիրը նպաստում է սննդի անվտանգության ամրապնդմանը, տեղական գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի բարելավմանը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ պաշտոնական ժապավենի կտրում, որին հաջորդեց պարոն Էրվին Քյունցիի կողմից R2D Սյունիք ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում իրականացվող ենթակառուցվածքային նախաձեռնությունների ներկայացումը։