2025 թվականի հունիսի 19-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցավ 80 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգի բացման հանդիսավոր արարողությունը: կայանը կառուցվել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում՝ R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչի ներքո։
Նախաձեռնությունն ուղղված է համայնքային կանաչ ենթակառուցվածքների զարգացմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքի կայուն զարգացմանը։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպաններ, Տեղ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Արևային համակարգը կծառայի համայնքի մի շարք հանրային կառույցների էներգամատակարարման նպատակին՝ ներառյալ մանկապարտեզները, մշակութային կենտրոնները, ամբուլատորիաները, վարչական շենքերը, ջրամատակարարման պոմպակայանները և փողոցային լուսավորությունը։
Ծրագրի ներդրումը կազմել է 18.2 մլն ՀՀ դրամ (մոտ 44,000 եվրո) և համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է Տեղ համայնքում վերականգնվող էներգիայի լուծումների կիրառման, համայնքային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան շրջայց կատարել կայանի տարածքում և տեղում ծանոթանալ արևային համակարգի աշխատանքի մեխանիզմին և ծրագրի այլ բաղադրիչներին։
R2D Սյունիք ծրագիրը շարունակելու է աջակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ներդնելով նորարարական լուծումներ և խթանելով համայնքների դիմակայունությունն ու կայուն զարգացումը։
Նշենք, որ ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում արդեն մեկնարկել է նաև մեկ այլ ենթակառուցվածքային նախագիծ՝ Տեղ-Քարաշեն ճանապարհի շուրջ 7.4 կմ երկարությամբ ճանապարհային լուսավորության շինարարությունը։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 150 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ»։