Այսօր Սյունիքի մարզպետարանում Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող R2D Սյունիք՝ Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման հնգամյա ծրագրի Բաղադրիչ 2-ի (կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավված հասանելիություն) իրականացման շուրջ փոխըմբռնման հուշագիր կնքվեց Ավստրիական զարգացման գործակալության, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Սյունիքի 7 համայնքների միջև։
R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին (ՄՓՄՁ) բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։
Ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում պլանավորվում է Սյունիքի 7 համայնքներում իրականացնել շուրջ 25 կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների կառուցում կամ բարելավում՝ 1,91 միլիոն եվրո նախատեսված բյուջեով։
Այս պահին Սիսիան (90 կՎտ) և Տեղ (80 կՎտ) համայնքներում արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են։
Առաջիկայում նմանատիպ համակարգի տեղադրում է նախատեսվում Կապան քաղաքում, որը այժմ պլանավորման փուլում։ Քննարկման և պլանավորման փուլում են համայնքների կողմից ներկայացված մի շարք այլ փոքր ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում և Տեղ գյուղում խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցումը, Տեղ-Քարաշեն գյուղերը կապող ճանապարհի փողոցային լուսավորության համակարգի տեղադրումը, ինչպես նաև Խնձորեսկում գոյություն ունեցող ոռոգման համակարգի վրա փոքր հիդրո-էլեկտրակայանի տեղադրումն ու Շաքի գյուղում վարչական շենքի և նոր մանկապարտեզի տարածքի վերանորոգումը։
Ծրագրերը նախատեսվում է իրականացնել առաջիկա 2 տարիների ընթացքում։